Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Լավ է, բայց այնքան էլ լավ չէ

Լավ է, բայց  այնքան էլ լավ չէ
14.05.2013 | 11:33

Տոնական օրերը նկատելիորեն հետ գցեցին մարզական իրադարձություններն ընթերցողին ժամանակին ներկայացնելուց, թեպետ աշխատեցինք բացը լրացնել էլեկտրոնային էջով: Հիմա կարելի է վիճակը փոքր-ինչ շտկել, սակայն, կներեք, մեծագույն ցանկության դեպքում անգամ, եթե ուզենանք էլ, դա անկարող ենք անելու ի հաշիվ ծանրամարտի երիտասարդական առաջնությանը մեր մարզիկների ելույթի ներկայացման, որովհետև… ինձնից լավ գիտեք` ինչո՛ւ որովհետև:

Մեր ծանրորդներից Պերու էին մեկնել Իզաբելա Յայլյանը (58 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Հանրապետությունում հենակետայինի համարում ունեցող մարզաձևի համար սա պատշա՞ճ թվով ներկայացվածություն է, թե՞ ոչ, թույլ տվեք համեստորեն լռել` հիշեցնելով միայն, որ թե՛ տղաների, թե՛ աղջիկների մրցակցային քաշերը հավասարապես ութն են: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն` «քանա՞կն է կարևոր, թե՞ որակը», ու առաջին հայացքից կարծես թե ճիշտն իրենք կլինեն: Սակայն ի՞նչ եք կարծում` հո շատ սխալված չե՞նք լինի, եթե նմաններին առարկենք «քանակն էլ է կարևոր, որակն էլ» շատ պարզ դիմադարձումով, ու արդյո՞ք սխալված կլինենք, եթե նրանց հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Եվրոպայի մեծահասակների առաջնություն էլ մեկնեցինք Անդրանիկ Կարապետյան, Գոռ Մինասյան կազմով` նրանց կողքին ունենալով միայն Հայկ Հակոբյանին, իսկ կանանց մրցավեճում առհասարակ բացակա էինք:
Ստեղծված իրավիճակը, անշուշտ, արմատական վերլուծության կարիք ունի, սակայն նյութից առանձնապես չշեղվենք (մանավանդ որ հիմնախնդիրները բազմիցս բարձրաձայնել ենք. այլ բան, որ դրանք եղել են ձայն բարբառո հանապատի)` հուսալով, որ նորանշանակ նախարարը (շնորհավորենք մեր լեգենդարին) հետևողական կլինի բեկում մտցնելու հարցում, չի գնա նախորդների ճանապարհով, գործին կմոտենա պրոֆեսիոնալիզմի դիրքերից, կազատվի բանսարկուների, քամի անողների, իրականում աշխատանքը կազմաքանդողների ծառայություններից, որոնց միակ անելիքը շեֆի ականջին նստելն էր (իսկ այդ շեֆը մեկն էր` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը), ապակողմնորոշելը, սպորտին ուղղված նրա շռայլ հատկացումներից օգտվելն ու թիկունքի հետևում ծվարելը:
Անցնենք առաջ:
Մեր միակ աղջկա` 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանի մրցելույթը հաջողված չի կարելի չհամարել, որքան էլ մարզիկի ցույց տված կիլոգրամները, խոշոր հաշվով, մրցակցային չեն աշխարհի, Եվրոպայի առաջնությունների համար, մանավանդ եթե աչքի տակ ունենանք մեծահասակների մրցահարթակը: Իհարկե, ես չեմ մոռացել, որ առաջնությունից Իզաբելան վերադարձել է պոկում վարժության բրոնզե մեդալով, ոչ էլ մարզուհու շահած մեդալի մեջ մարզական բախտի գործոնն եմ ուզում շեշտած լինել: Այդ ո՞վ է սահմանել, որ բախտի շնորհյալները միայն մեր մրցակիցները պիտի լինեն: Ինչևէ, հավատանք հավաքականի մարզչի հավաստմանը, որ «ջանի գալու» դեպքում մարզուհին ավելի լավ արդյունքներ ցույց կտա, ավելի մրցակցային կլինի: Հավատանք ու անցնենք առաջ, մանավանդ որ պատանեկան առաջնություններում Իզաբելան բնավորություն ցույց տված աղջիկ է` բազմաթիվ մրցանակներով ու երիտասարդական, այստեղից էլ մեծահասակների մրցահարթակ մեզ համար ցանկալի ելքով կանցնի:
Դառնանք 77 կիլոգրամայինների մրցավեճին:
Հիշո՞ւմ եք, դեռ անցած տարվանից էի հաճույքով ու հաճույքի հետ որոշակի տագնապով ազդարարում, որ կգա օրը, ու Անդրանիկ Կարապետյան-Ռազմիկ Հունանյան երկյակն իրար դեմ կելնի ու կիսված սիրով, կիսված սրտով մոլորվելու ենք մեր նախապատվության հարցում, քանզի երկուսն էլ հավասարապես մերն են` այն տարբերությամբ, որ Անդրանիկը մայր հայրենիքն է ներկայացնում, Ռազմիկը` Ռուսաստանը:
Մեղքս ի՞նչ թաքցնեմ: Տղաների նախնական հայտերը տրամադրությունս այն աստիճանի էին գցել, որ, առանց ժամին նայելու, զանգեցի Անդրանիկի մարզիչ Վիգեն Խաչատրյանին, ով նաև Ռազմիկի հարազատ քեռին է: Անկեղծ եմ ասում` եթե պատասխանը հուսադրող չլիներ, ելնելու էի, հասնեի Էջմիածնա կողմերն ու, դուռը չշեմած, «Կարգին սերիալի» էն հղփացած հարևան Կառլեն Կառլենիչի ոճով ասելու էի… Մի խոսքով` պատիվ էի պահանջելու:
Որքան էլ գիտեմ, որ Ռազմիկն առանձնապես ուժեղ է երկրորդ վարժությունից (աշխարհի երկու պատանեկանում ի հաշիվ հրումի է լուծել չեմպիոնության հարցը), այդուհանդերձ պոկումը 145-ից սկսելը տրամադրություն քացախեցնելու պես բան էր: Երկրորդ մոտեցման համար սպասվելիք 150-ի փոխարեն պատվիրված 152-ը մի փոքր տրամադրություն բարձրացրեց, սակայն իսկույն հույսի լույսի հետ էլ մարեց, որովհետև ծանրաձողին դեռ չէին մոտեցել ազերի Ռահիմովը, չին Ժիմին Գուն ու մեր Անդրանիկ Կարապետյանը` չհաշված, որ այդ պահի դրությամբ ևս երկու մարզիկ առաջ էին հայորդուց, իսկ 145-ով մեդալների մրցակցությանը խառնվելն անհնար էր: Շունչ քաշելու համար Ռազմիկը չկրկնեց մոտեցումը չարաբաստիկ 152-ին, ու մեջտեղ եկավ ազերին: 153-ին նրա առաջին մոտեցումը կուտ գնաց, իսկ հետնաբեմում իրեն հավաքած Ռազմիկը սանձեց ծանրաձողը: Սա արդեն որոշակիորեն նշանակում էր, որ հայերովս «պարահանդեսում» դեռ պարելու հնարավորություն ունենք, որովհետև եթե ազերին առյուծի կաթ էլ կերած լիներ, հրում վարժությունում Ռազմիկը նրա բաշը միանշանակ էպիլյացիայի էր ենթարկելու: Հատ-հատ: Համենայն դեպս, այդպես էր ենթադրվում:
Անդրանիկը սկսեց 155-ից ու գնդակի պես օդ թռցրեց ծանրաձողը: Ոչ պակաս կատարողական վարպետությամբ նույնն արեց և չինացին: Ռահիմովը գրոհեց 158-ը, սակայն չսպասեց մրցավարների «իջեցնել» հրահանգին ու մնաց արդեն իսկ բրոնզ ապահոված 153-ով: Անդրանիկը գրոհեց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արծաթ բերած 160-ի վրա ու ծանրաձողը նորից քարացրեց գլխավերևում: Նույնը կրկնեց չինական «դամկրատը»: Հետո գնաց մարզիչների տակտիկական մրցակցություն, որն ավարտվեց առաջինը դարձյալ մեր մարզիկի մոտեցումով: Փորձն անհաջող եղավ, մինչդեռ չինացին կրկին ապշեցրեց իր վիրտուոզ տեխնիկայով, իսկ սա նշանակում էր երկրորդ վարժությունը սկսել մինուս վեցից, քանի որ Գուն անձնական քաշով ավելի թեթև էր մեր մարզիկից:
Անդրանիկը հրումը սկսեց 180-ից ու ֆիքսեց այն, մինչդեռ չինացին նույն քաշին երկու մոտեցումն էլ ձախողեց: Սա արդեն ձախողման նախանշան էր, որքան էլ հօգուտ մեզ էր: Գուն չկարողացավ գլխավերևում պահել նաև երրորդ մոտեցման համար պատվիրած 182-ն ու դուրս մնաց պայքարից:
Ռազմիկը սկսեց նույն 182-ից ու տպավորություն էր, թե վեր մեկնած ձեռքերով օդն է պահել: Այդ պահից սկսած` ինձ մոտ կատարյալ նիրվանա էր: Ակնհայտ էր, որ ոսկե ու արծաթե մեդալները մերն էին լինելու, միայն հայտնի չէր, թե տղաներն ինչ հերթականությամբ էին իրար հաջորդելու: ՈՒ մինչ սպասման քաղցր վայելքի մեջ էի, Անդրանիկը ձախողեց 185-ի մոտեցումը: Այդ պահին եղածը դեռևս փույթ չէր. Եվրոպայում նրա սանձած 186-ն աչքիս առաջ էր: Սակայն կատարվեց անսպասելին: 185 կգ կշռող ծանրաձողը երկրորդ անգամ էլ համառեց, մինչդեռ Ռահիմովի նկատմամբ եղավ դավադրորեն բարյացակամ:
Երկրորդ մոտեցմամբ Ռազմիկ Հունանյանը լուծեց 187-ի հարցերն ու ոչ միայն չեզոքացրեց Անդրանիկից յոթ կիլոգրամով հետ մնալը, այլև, ի հաշիվ անձնական քաշի, շրջանցեց նրան: Սակայն նույնն արեց և ազերին` իր հերթին շրջանցելով Ռազմիկին: Թեև համոզմունքս է, որ ազգություն կոչվածը սոսկ զգացմունքային գործոն է մրցակցությունում, բայց թե, ներող եղեք, այդ պահին մոտս սրտխառնոց էր: Բարեբախտաբար, Ռազմիկս փրկեց: Այն, ինչ հաջողվեց նրան, չհաջողվեց ազերիին` 192-ը պոկումի 153-ի հետ նրան բերեց աշխարհի ոսկին:
Պատվո հարթակում կողմերը կանգնեցին Հունանյան, Ռահիմով, Կարապետյան հերթականությամբ, ու ցավալի է, որ Անդրանիկն անձնական քաշով զիջեց արծաթե մեդալը: Ի դեպ, այդպես եղավ նաև Եվրոպայում, որտեղ Անդրանիկը երկրորդ և երրորդ տեղերը գրավածների հետ ցույց տվեց նույն 346 կգ արդյունքը, սակայն դուրս մնաց մրցանակային եռյակից: Հուսանք, որ նմանօրինակ տհաճ զուգադիպություններ այլևս չեն լինի մեր հսկայի կյանքում, որոնցից խուսափելու լավագույն դեղամիջոցը, ի դեպ, մրցակիցների հարցերն ակնհայտ գերազանցությամբ լուծելն է:
Ինչևէ: 77 կիլոգրամայինների մրցավեճի պատմությունում հենց այստեղ էլ կդնեինք վերջակետ, եթե չլիներ պատվո հարթակի վրա կատարվածը:
Պատվո հարթակին հայորդիներով ողջագուրվելուց հետո իր հաղթ բազուկների մեջ Ռուսաստանի դրոշն առած Ռազմիկը ձեռքը մեկնեց Անդրանիկի կողմն ու ագուցվեցին ոչ միայն մեր դյուցազունների բռունցքները, այլև երկու երկրների դրոշները` որպես մեկ ընդհանրական շարունակություն: Չգիտեմ` ով ինչ տեսավ եղածի մեջ, սակայն ես ավելի քան համոզված մնում եմ այն կարծիքին, որ, այդպես, ի լուր աշխարհի, իր արմատների առնությունն էր ակնարկում Ռազմիկ Հունանյանը:
Գերծանրքաշային կարգում, եթե անկեղծ լինեմ, սպասում էի, որ ոսկու համար պայքարում Գոռ Մինասյանը ճակատ կտա Լաշա Տալախաձեին, սակայն ախորժակս որոշակիորեն զսպել էին թե՛ մարզիկների հայտավորած քաշերը, թե՛, մասնավորապես, Գոռի մրցելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, թեպետ վերջինս իր որոշակի առանձնահատկություններն ուներ. կատա՞կ բան է երեկվա էրեխուն միանգամից դեմ տալ աշխարհի ազրայիլներին: Բայց դե, ինչպես տեսնում եք, հանուն հնարավոր արդյունքի, հանուն դեմք փրկելու Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, ու կապ չունի, թե դա ինչ գնով է արվում:
Գոռի` աշխարհի երիտասարդականի անցած տարվա բրոնզն արծաթով փոխելը հարկավ առաջընթաց քայլ է: Անհանգստությունն ուրիշ բանում է: Մինչև այս տարի իր բոլոր մրցելույթներն աճողականով նշանավորած մարզիկի մեջ որոշակի հետընթաց է նկատվում երկրորդ անգամ անընդմեջ: Զուտ համեմատության համար` եթե նախորդ տարի 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (Իսրայել, նոյեմբեր) Գոռը փոխչեմպիոն է դարձել երկամարտի 421 (191+230) կիլոգրամով, ապա Եվրոպայի մեծահասակների ընթացիկ տարվա առաջնությունում (Ալբանիա, ապրիլ) ցույց տվեց 400 (185+215), աշխարհի այս երիտասարդականում` 403 (183+220): Ոտքի վրա եզրակացություններ չանենք, բայց ոնց էլ պտտվես, ինչ բացատրություն էլ փնտրես, «բայց»-ը մնում է բայց: Հայտնի ֆիլմի հերոսը կասեր` մտածել է պետք: Ամբողջովին համամիտ եմ վարպետ Վազգենի հետ, սակայն ավելի քան համոզված եմ, որ հայկական ծանրամարտին մտածող գլուխ է պետք, ոչ թե ուրիշի դափնիների վրա ննջող, իրենց տեղում չգտնվող մարդիկ: Ինչևէ, չթերագնահատենք Գոռի փոխչեմպիոնությունը, մանավանդ որ ուրիշների համար դա երազային է, սակայն, որ այս տղան ավելիին ունակ է, երկու կարծիք լինել չի կարող:
ՈՒրախությամբ փաստենք, որ մրցումների եզրափակիչ օրը հայերս մի մեդալ էլ ունեցանք: Դրա հեղինակը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանն էր, ով պոկում վարժության բրոնզին (180 կգ) ավելացրեց երկամարտի մեծ բրոնզը (385 կգ):
Ամփոփենք:
Առաջնությունից Հայաստանի ընտրանիները վերադարձան ընդհանուր թվով յոթ մեդալով, որից երեք արծաթը բաժին է հասնում Գոռ Մինասյանին, երկու բրոնզը (երկամարտ, հրում) ու մեկ արծաթը (պոկում վարժություն)` Անդրանիկ Կարապետյանին, մեկ բրոնզը (պոկում վարժություն)` Իզաբելա Յայլյանին:
Հայազգի երեք պատվիրակ ուներ իր կազմում նաև Ռուսաստանը: Նվաճածի առումով այստեղ ավելի ներկայացուցչական եղանք: Ռազմիկ Հունանյանի ակտիվում է երկու ոսկե (երկամարտ, հրում), Կարեն Մարտիրոսյանի ակտիվում` երկու բրոնզե մեդալ: Ցավոք, մեդալներից անմասն մնաց 69 կիլոգրամ քաշային Անի Սարգսյանը (չորրորդ տեղ), սակայն, տարիքի բերումով նրա առջևում է դեռևս աշխարհի երկու երիտասարդական առաջնություն: Այնպես որ, Անին դեռ կհասցնի իր ասելիքն ասել:
Իհարկե, մեր ավարտական վերջակետը հենց այստեղ էլ կարող էինք դնել, բայց դե, հարգելի ընթերցող, այս մի բեռն էլ վերցնենք մեր ուսերին` քեզ ազատելով թվաբանական ավելորդ գործողությունների մեջ ներքաշվելուց: Հայերովս աշխարհի այս երիտասարդականից վերադարձել ենք երկու ոսկե, չորս արծաթե, հինգ բրոնզե մեդալով: Հավատացեք` ընդհանուր արտահայտության մեջ սա վատ արդյունք չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ